15:49 Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան) | |
Քըրք Քըրքորյան (Գրիգոր Գրիգորյան). ծնվել է 1917 թ. հունիսին Ֆրեզնոյում։ Եղեռնը վերապրած Լիլի և Ահարոն Գրիգորյանների չորրորդ երեխան էր։ Մանուկ հասակից Քըրքը մտապահեց այն տպավորությունը, որ եթե մարդն աղքատ է, նա ցածր դասին է պատկանում, ու ոչ ոք նրանով չի հետաքրքրվում։ Փող աշխատելու ձգտումն այնքան մեծ էր, որ արդեն 9 տարեկանից Քըրքը դասերից բացակայում էր՝ թերթ վաճառելու համար, իսկ երեկոյան մեքենաներ լվանալով էր գումար վաստակում։ 14 տարեկանում Քըրքը կիսատ թողեց ուսումը՝ նույնիսկ 8-րդ դասարանը չավարտած. ինչ իմաստ ունի սովորելը, եթե փող չունես բուհ ընդունվելու։ Դեռահաս Քըրքը փող էր վաստակում՝ ավտոմեխանիկի օգնական աշխատելով ու մեքենաներ լվանալով, և անընդհատ մտածում էր՝ ինչպես դուրս գալ աղքատության ճիրաններից։ 16 տարեկանում նա նիհար տղա էր՝ 1,78 մ հասակով, 62 կգ քաշով։ Իր իրական տարիքին մի քանի տարի ավելացնելով՝ վաստակում էր ծառ կտրելով, շինարարությունում աշխատելով. չէր խորշում նույնիսկ ամենակեղտոտ ու ցածր վարձատրվող աշխատանքից՝ տուն փող բերելու համար։ «Հենց արևի տակ իմ տեղը գտնելու ձգտումն ինձ օգնեց դառնալ այն, ինչ դարձել եմ»,- հաստատում է ինքը՝ միլիարդատերը։ Այդ տարիքում նա սկսեց պրոֆեսիոնալ բռնցքամարտով զբաղվել՝ ավագ եղբոր գլխավորությամբ, ով պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ էր։ Դա Քըրքի համար փող աշխատելու իրական միջոց էր. ռինգում տարած հաղթանակը բարձր էր վճարվում։ Բռնցքամարտիկի կարիերայի մասին երազանքներին վիճակված չէր իրականանալ. նա թույլ հակառակորդ էր։ Պայքար՝ արևի տակ իր տեղի համար Մինչև 18 տարեկանը Քըրքը սովորական տղա էր. նրան նայելով՝ ոչ ոք չէր էլ ենթադրի, որ միլիարդատեր է դառնալու։ Հիմա նա հետաքրքրվում էր ֆուտբոլով ու բասկետբոլով ու դեռ մտածում էր կյանքը կապել սպորտի հետ։ Մոտավորապես այս շրջանում Քըրքն իր առաջին քայլերն արեց բիզնեսում. նա աշխատում էր ավտոլվացման կետում։ Շարժիչները լվանալիս մտածում էր՝ ինչպես սեփական գործ հիմնել։ Շուտով նա սկսում է գնել ճանապարհատրանսպորտային պատահարների ենթարկված մեքենաներ ու վերանորոգել դրանք վաճառքի համար։ Այն դեպքում, երբ ավտոսպասարկման կետի սեփականատերը բավականին մեծ գումար էր աշխատում, ամեն վերանորոգված մեքենայից Քըրքը չնչին աշխատավարձ էր ստանում՝ 5-10 դոլար։ Այս ժամանակները Քըրքը ժպիտով է հիշում։ Հանդիպում, որ նրա կյանքը գլխիվայր շուռ տվեց 22 տարեկանում Քըրքը դեռ պատահական աշխատանքներով էր գլուխը պահում։ Մի օր էլ որպես աշակերտ սկսեց օգնել ջեռուցման սարքեր տեղադրող վարպետին։ Ծանր աշխատանքի համար ժամը 45 ցենտ էր վաստակում, բայց նա սրանով էլ էր գոհանում. մոտենում էր ձմեռը, պետք էր տաք հագուստ և ուտելիք գնել։ Մի օր վարպետը նրան օդակայան տարավ ու առաջարկեց թռչել։ Հետաքրքրասեր Քըրքը ուրախությամբ համաձայնեց։ Թռիչքից հետո նա հասկացավ՝ օդագնացությունն իր կյանքն է։ Բայց քանի որ ընտանիքը նրան ուսման տալու փող չուներ, նա համոզեց ինստրուկտորին իրեն թռչել սովորեցնել՝ փոխարենը խոստանալով խնամել նրա կովերին։ Բազային գիտելիքներ ստանալով՝ Քըրքն ընդունվեց ավիացիայի բարձրագույն դպրոց, որտեղ մասնագիտացավ որպես օդաչու-ինստրուկտոր։ Ստացած գիտելիքները նրան օգտակար եղան. Երկրորդ աշխարհամարտի տարիներին նա կանադական կործանիչները Շոտլանդիա էր հասցնում։ Վտանգը նրան չէր վախեցնում. կյանքում առաջին անգամ սկսել էր պատշաճ գումար վաստակել՝ 1000 դոլար թռիչքի համար՝ այն ժամանակ խոշոր գումար։ Հենց այս աշխատանքն օգնեց Քըրքին գումար հավաքել ու սկսել ուղին՝ դեպի վեր։ Քըրք Քըրքորյան. ճանապարհ դեպի վեր Հիշելով ավտոմեքենաների վերավաճառքի իր հմտությունները՝ Քըրքը նույն գործով էր զբաղվում, ճիշտ է, այժմ նա ինքնաթիռներ էր վերավաճառում՝ կարգի բերելով դրանց հին տեխնիկան։ Այս դեպքում վարձատրությունն ավելի մեծ էր՝ 10 հազար դոլար յուրաքանչյուր վերանորոգված ինքնաթիռի դիմաց։ Զուգահեռաբար նա սեփական ինքնաթիռով թռիչքներ էր կազմակերպում։ Թռիչքներից մեկի ժամանակ էլ ծանոթանում է Ջերի Վիլյամսի հետ. նա Լաս Վեգասի խաղատներից մեկի այցելուներից էր և առաջարկեց Քըրքին միանալ իրեն։ Այսպես երիտասարդ Քըրքը դարձավ խաղատների մշտական այցելու և սուզվեց ազարտի ճահիճը։ Շուտով նա ստեղծում է իր հեղինակային ազարտային խաղը ու դառնում մեծ բիզնեսի ազդեցիկ ներկայացուցիչներից մեկը։ Բավականին մեծ կարողություն կուտակելով՝ Քըրքը դարձավ Ամերիկայի խոշորագույն ավիացիոն ընկերության համասեփականատերն ու Los Angeles Air մասնավոր ավիաուղիների սեփականատերը։ Նա սկսում է շահավետ պայմանագրեր կնքել համաշխարհային հայտնի ավիաընկերությունների հետ՝ Transinternational Airlines և Transamerika Corporation։ Ասում են՝ հենց այդ ժամանակ Քըրք Քըրքորյանն վաստակեց իր առաջին միլիոնը։ 48 տարեկանում նա գնում է Transinternational Airlines ավիաընկերությունը և կատարում արժեթղթերի տեղաբաշխում։ Հետագա մի քանի տարիների ընթացքում արժեթղթերի գինը եռակի աճեց, և Քըրքը վաճառեց դրանք՝ վաստակելով ավելի քան 100 մլն դոլար ու ձեռք բերելով Transamerika Corporation-ի արժեթղթերի փաթեթը, որը գրեթե նույնքան արժեր։ Ի դեպ, Քըրք Քըրքորյանի նվիրական երազանքը վաղուց արդեն իրականացել էր. նա հեքիաթային հարստության տեր էր դարձել։ Դրանից հետո սկսվեց Քըրքորյանի լուսավոր ուղին։ Համաշխարհային վերլուծաբանները նրան միլիոնատեր էին ճանաչել, իսկ կինոարդյունաբերության կառուցման ու զարգացման մեջ նրա կատարած ներդրումները կայուն եկամուտ էին ապահովում։ Սեփական եսի փնտրտուքը Քըրքն իր ողջ կյանքում ներդրումներ է կատարել տարբեր ոլորտներում՝ շինարարություն, ավիացիա, կինոստուդիաներ և այլն։ Արդյո՞ք այս ներդրումները մանրակրկիտ ծրագրված քայլեր են եղել, թե՞ նա պարզապես հոգեհարազատ զբաղմունք էր գտել։ Դժվար է պատասխանել, բայց հարկ է նշել՝ ինչ գործ էլ սկսում էր Քըրքը, նրան եկամուտ ու համաշխարհային ճանաչում էր բերում։ Այսպիսով, մասնավոր ավիաուղիները վաճառելով ու միլիոնատեր դառնալով՝ նա թողեց ավիաբիզնեսն ու սկսեց զբաղվել անշարժ գույքով։ 1968թ. նա Լաս Վեգասում կառուցեց «Ֆլամինգո Ինտերնեյշնլ» հյուրանոցն ու վաճառեց այն՝ վաստակելով 140 մլն դոլար։ Դրանից հետո նա մտավ կինոարդյունաբերություն՝ դառնալով «Մետրո Գոլդվին Մայեր»-ի տնօրեն, տարիներ անց նա հիմնում է United Artists, Columbia Pictures և 20 Century Fox կինոստուդիաները։ Քըրքորյանի կյանքի մյուս շրջանը բնութագրվում է որպես համատարած անկումների փուլ։ Նրա գլխավորած կինոստուդիան վնասներ էր կրում, Քըրքն էլ, մտածելով, որ կսնանկանա, վաճառեց Columbia Pictures-ը։ Ստացած գումարով նա ներդրում կատարեց խաղային բիզնեսում ու նորից չսխալվեց։ Արդեն առաջին տարվա ընթացքում դրանից սկսեց կայուն եկամուտ ստանալ։ Շուտով նա վաճառեց նաև United Artists-ը 1 մլդ դոլարով։ 1991թ. Քըրք Քըրքորյանը նշեց իր 71-ամյակը։ Ինչպես նշում է ինքը՝ միլիարդատերը, հենց այդ շրջանից էլ սկսվում է իսկական վերելքը՝ չնայած նա արդեն միլիարդատեր էր, հյուրանոցների, խաղատների, ավիաուղիների ցանցերի սեփականատեր։ Բայց չէր պատրաստվում բավարարվել ձեռք բերածով։ Կա՛մ խաղային բիզնեսն այն եկամուտը չէր ապահովում, կա՛մ Քըրքորյանը կրկին հոգնել էր միօրինակությունից ու որոշել փոխել գործունեության ոլորտը։ Նա սկսում է ձեռք բերել Chrysler Corporation-ի արժեթղթեր։ Դրանց գնի բարձրացման արդյունքում նա ընդամենը մեկ օրվա ընթացքում վաստակեց ավելի քան 650 մլն դոլար։ Չնայած հասարակական ակտիվությանը՝ Քըրք Քըրքորյանը չի սիրում մամուլի հետ շփումներն ու հրաժարվում է հարցազրույցներից՝ պատճառաբանելով, որ իր գործերը խոսում են իր մասին։ Մինչ օրս ոչ մի հոգեբան չի համարձակվել բնութագրել նրան՝ չհաշված, իհարկե, առաջնորդի հատկանիշները։ Միլիարդատիրոջը բնորոշ բնավորության գծերը գաղտնի են։ Նույնիսկ երիտասարդ տարիքում Քըրքը հազվադեպ էր մասնակցում պաշտոնական և ոչ պաշտոնական միջոցառումների։ Նա հանգիստ բնավորություն ունի, խոսում է մեղմ ձայնով՝ ձայնը չբարձրացնելով նույնիսկ կրիտիկական պահերին։ Կրեդիտ քարտերից չի օգտվում, համացանցից նույնպես ու ամեն կերպ խուսափում է մարդկանցից։ Նույնիսկ անձնական ինքնաթիռով թռիչքներ կատարելիս չի օգտվում օդաչուի ծառայություններից։ Այն մարդիկ, ովքեր երբևէ շփվել են Քըրքի հետ, նրան համարում են հիվանդագին կոմպլեքսավորված, ինքնամփոփ ու տարօրինակ անձնավորություն։ Թե ինչպիսին է նա իրականում, գիտեն քչերը՝ նրա կանայք, աղջիկներն ու մի քանի ընկերներ, որոնց հետ ժամանակ առ ժամանակ թենիս է խաղում։ Նրան պետք չեն փառք և ճանաչում. միակ մարդը, ում երբևէ ցանկացել է իր նշանակությունը ցույց տալ, հենց ինքն է եղել։ Մի քանի անգամ մերժել է ՀՀ իշխանությունների առաջարկը՝ իր անունով Երևանում հրապարակ անվանակոչելու։ «Հայրենիքի համար» հուշամեդալը միակ պարգևն է, որ ընդունել է Հայաստանի իշխանություններից։ Իսկ ո՞րն է նրա հաջողության գաղտնիքը։ Ինչպես ինքն է ասում՝ վեցերորդ զգայարանը, որով առաջնորդվելով՝ քայլեր է անում, միջոցներ ներդնում ու շահույթ ստանում։ Երկրորդ գաղտնիքն այն է, որ ընկնելուց հետո կանգնելու ուժ է գտնում. այն ժամանակ, երբ մյուսները թևաթափ էին լինում, Քըրքը ստոյիկաբար էր դիմակայում անհաջողություններին։ Քանի անգամ է սնանկացման եզրին եղել ու ստիպված վաճառել անշարժ գույքն ու ինքնաթիռները՝ նոր նախագծում ներդրումներ կատարելու համար, ու արդյունքում այդ նախագիծը շահութաբեր էր լինում։ 1980թ.-ին, երբ Լաս Վեգասի՝ նրան պատկանող հյուրանոցը հրդեհվեց (85 զոհ), Քըրքը հասարակ բանվորների հետ ութ ամիս շարունակ մասնակցում էր վերակառուցման աշխատանքներին։ «Ամենագլխավորը երբեք չհուսահատվելն է, նաև պահեստային տարբերակ ունենալը այն դեպքերի համար, եթե գործերը հաջող չընթանան»,- խորհուրդ է տալիս Քըրք Քըրքորյանը։ | |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |