Յուրաքանչյուր մարդ գտնվում է գիտակցության ինչ-որ մակարդակում: Գիտակցության մակարդակն այն է, թե ինչքան լայն ես դու տեսնում քեզ շրջապատող աշխարհը: Ծնունդից մինչև մահ մենք անցնում ենք գիտակցության տարբեր մակարդակներով: Սովորաբար գիտակցության ամեն հաջորդ մակարդակն ավելի բարձր է, քան նախորդը. այնտեղից ավելի շատ բան ես տեսնում: Գիտակցության մակարդակներով մենք անցնում ենք այսպես թե այնպես՝ տարիքից կախված, փորձից ելնելով: Բայց գիտակցության քանի մակարդակ կանցնենք և որքան կմոտենանք գիտակցության բարձրագույն մակարդակին, որը տարբեր մարդիկ տարբեր կերպ են անվանում, կախված է միայն նրանից, թե որքան ջանք մենք կներդնենք:
Գիտակցության ամեն մակարդակն ունի գիտակցության վիճակներ: Անցնելով գիտակցության որոշակի քանակությամբ վիճակներով՝ մենք փոխում ենք գիտակցության մակարդակը: Օրինակ, երբ մարդն ավարտում է կրթությունը, աշխատանքի է անցնում, ամուսնանում է, երեխա է ունենում. սրանցից յուրաքանչյուրն առանձին վերցված գիտակցության վիճակի փոփոխություն է, սակայն բոլորը միասին մարդուն տեղափոխում են գիտակցության հաջորդ մակարդակ, որը մենք անվանում ենք «հասուն կյանք»: Ինչո՞ւ ենք մենք տարեց մարդկանց անվանում իմաստուն: Որովհետև, ենթադրվում է, որ նրանք գտնվում են գիտակցության ավելի բարձր մակարդակում, քան մենք, իսկ դա պայմանավորված է նրանով, որ նրանք անցել են գիտակցության ավելի շատ վիճակներով (ժողովրդի լեզվով ասած՝ «կյանքում ավելի շատ բան են տեսել»):
Հաճախ տարբեր մարդիկ իրար չեն հասկանում միայն նրա համար, որ նրանք գտնվում են գիտակցության տարբեր մակարդակներում: Իսկ գիտակցության տարբեր մակարդակներում գտնվող մարդիկ միևնույն բանը տարբեր կերպ են տեսնում: Օրինակ, ծնողների և երեխաների հաճախ հանդիպող տարաձայնությունները հենց սրա արդյունք են: Ինչպե՞ս նրանք կարող են չվիճել, երբ միևնույն բանին նայում են գիտակցության տարբեր մակարդակներից. մեկն ավելի լայն է տեսնում, մյուսը դեռ՝ ավելի սահմանափակ: Մարդը, ով մտածում է միայն իր մասին, երկրորդը, ով մտածում է իր և ուրիշների մասին և երրորդը, ով մտածում է միայն ուրիշների մասին, իրար չեն հասկանում: Նմանապես ոչ բուսակեր մարդը չի հասկանում բուսակերին, դասական երաժշտության սիրահարը չի հասկանում ռոքի սիրահարին, ընկերության աշխատողները չեն հասկանում ընկերության հիմնադրին, ազատության մեջ գտնվող մարդը չի հասկանում բանտում նստածին, մի երկրի բնակիչը չի հասկանում մյուսին… իսկ պատճառն այն է, որ նրանք գտնվում են գիտակցության տարբեր վիճակներում, հնարավոր է նաև՝ գիտակցության տարբեր մակարդակներում: Հիշեք՝ երբ հանդիպում եք մարդկանց, ովքեր այնպիսին չեն, ինչպիսին դուք, միևնույն իրավիճակում իրենց տարբեր կերպ են պահում, միևնույն խնդրի համար տարբեր լուծում են տեսնում, հավանաբար դուք գտնվում եք գիտակցության տարբեր մակարդակներում (կարևոր չէ՝ «բարձր», թե «ցածր»), հետևաբար պարզագույն «ես ճիշտ եմ, դու սխալ ես» մոտեցումը այս դեպքում սահմանափակ է, փորձեք ավելի լայն մտածել:
Իսկ հիմա հոդվածի գլխավոր ուղերձը: Քանի որ մենք ապրում ենք հասարակության մեջ, որոշակի միջավայրում, հենց այդ միջավայրն է որոշում մեզ համար գիտակցության այն մակարդակները, որոնց միջով մենք անցնելու ենք: Այսինքն, այդ միջավայրում ընդունված է, որ դու պետք է անես սա, ապա սա, հետո մյուսը և վերջապես սա սա սա, և վե՛րջ: Այսինքն, եթե չլինի արտասովոր ինչ-որ բան (օրինակ, ավտովթարից կամ կյանքին վտանգ սպառնացող որևէ դեպքից հետո մարդու գիտակցության վիճակը/մակարդակը հաճախ փոխվում է) կամ դուք չունենաք շատ մեծ ցանկություն, դուք անցնելու եք գիտակցության նույն մակարդակներով, որով անցնում են այդ միջավայրում բոլորը: Այսինքն, դուք լինելու եք ձեր միջավայրը: Սակայն, եթե դուք չեք ուզում լինել ձեր միջավայրը, ուզում եք գիտակցության ավելի շատ մակարդակներով անցնել, աշխարհն ավելի լայն տեսնել, սովորել և հասկանալ այն, ինչը ձեզ հրաշք է թվում, դուք ինքներդ պետք է այնպես անեք, որ տեղափոխվեք գիտակցության հաջորդ մակարդակներ: Իսկ դրա համար, դուք պետք է գիտակցության նոր վիճակներ ձեռք բերեք: Եթե անում եք այն, ինչ միշտ անում էիք, դուք չեք կարող գիտակցության նոր վիճակ ձեռք բերել: Դուք պետք է բաց լինեք այդ «նորի» համար, դուք պետք է սիրեք փորձել: Երբ տեսնում եք, որ ինչ-որ մեկն ինչ-որ բան է անում, որը ձեզ համար անհասկանալի է, չպետք է մտածեք, ինչ տարօրինակ մարդ է սա, այլ հակառակը՝ պետք է փորձեք հասկանալ նրան, հասկանալ նրա գիտակցության վիճակը: Միգուցե ձեռք բերելով գիտակցության այդ վիճակը, դուք կտեղափոխվեք գիտակցության հաջորդ մակարդակ:
Ամփոփելով հոդվածը՝ ուզում եմ ասել, որ դուք արտասովոր եք, դուք կարող եք անել շատ ավելին, քան պատկերացնում եք, ձեր մեջ անսահմանափակ հնարավորություններ կան, բայց որպեսզի այդ հնարավորությունները դուրս գան, դուք պետք է անցնեք գիտակցության հաջորդ մակարդակներ: Իսկ դրա համար՝ մի եղեք այնպիսին, ինչպիսին երեկ էիք: