Գլխավոր էջ » 2015 » Հոկտեմբեր » 18 » Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները
15:44
Կամքի ուժ. ինչպես ղեկավարել սովորությունները

Տասնվեց տարեկանում ես հայտնվեցի կոմայում: Այն քսան րոպեներից, երբ բժիշկները պայքարում էին կյանքիս համար, ես ոչինչ չեմ հիշում, ի տարբերություն հարազատներիս, ովքեր քսան րոպե սարսափ ապրեցին: Կոմայում հայտնվելու պատճառը խնջույքի ժամանակ ալկոհոլային խմիչքների չարաշահումն էր: Հաջորդ տարի դարձա ուսանող և ինչպես նոր կյանք մտած երիտասարդներից շատերը, ովքեր ազատության հուժկու ալիքի հարված են իրենց վրա զգում, ես նույնպես սկսեցի ծխել: Ուսանողական և դրան հաջորդող մի քանի տարիներն անցան նմանակերպ. ալկոհոլ, ծխախոտ, արագ սնունդ, ժամանց: Ուսանողական կյանքն ավարտելուն պես, երբ վերադարձա բանակից և սկսեցի աշխատել, ինձ թվում էր, որ ես արդեն հասուն, գիտակից մարդ եմ, ում համար նոր կյանք է սկսվում: Սխալվում էի: Ավելի ուշ հասկացա միայն, որ նույնիսկ այդ տարիները «գիտակից» համարել չէր կարելի, քանի որ այն, թե ինչպես էի ես ապրում և ինչով էի զբաղվում, թելադրում էր ոչ թե գիտակցությունս, այլ սովորություններս, որոնք ձևավորվել էին տարիների ընթացքում: Այդ սովորությունները ձևավորվել էին այն հասարակության մեջ և շնորհիվ, որում ես ապրում էի և որում ապրում ենք մենք բոլորս: Իմ սովորությունների հիմքում ընկած չէին իմ որոշումները. դրանք ինչ-որ մեկն ասես «գլխումս դրել էր»: Երբ հասկացա դա, սկսեցի ղեկավարել սովորություններս: Այժմ երեսունմեկ տարեկան եմ: Արդեն յոթ տարի է, ինչ ընդհանրապես չեմ ծխում և չեմ օգտագործում ալկոհոլ, չեմ դիտում հեռուստացույց և ոչնչից չեմ բողոքում: Եթե նախկինում չէի խմում թեյն առանց շաքարավազ, աղ օգտագործում էի գրեթե միշտ և մսակեր էի, այժմ չեմ օգտագործում շաքարավազ ու աղ և դարձել եմ բուսակեր: Չեմ խմում նաև գազավորված ըմպելիքներ, սուրճ, չեմ ուտում պաղպաղակ և հեշտությամբ կարող եմ հրաժարվել ցանկացած քաղցրավենիքից: Փոխարենը ուտում եմ շատ միրգ և բանջարեղեն և միշտ ձգտում եմ առողջ սնվել: Սկսել եմ պարբերաբար շատ քայլել, սպորտով զբաղվել, քնում եմ շուտ և արթնանում շուտ, ամեն օր գիրք եմ կարդում, վատ բաների մասին չեմ մտածում և ցուցակը դեռ կարող եմ երկար շարունակել: Ինձ մոտ ձևավորվել է սովորություն ղեկավարել սովորություններս: Դա ինձ մոտ հեշտությամբ է ստացվում: Երբ ես ինչ-որ բան եմ որոշում, որը պետք է չանել, ես դա չեմ անում: Եվ հակառակը, երբ նոր սովորություն է պետք ձեռք բերել, ես դա առանց լրացուցիչ ջանքերի ձեռք եմ բերում: Հավատացեք, այդ զգացման հետ ոչինչ չի կարող համեմատվել. երբ դու ղեկավարում ես քո սովորությունները: Իրականում, դուք նույնպես կարող եք ղեկավարել ձեր սովորությունները, բոլոր մարդիկ էլ կարող են դա: Եթե կարդում եք այս տողերը, հավանաբար դրա կարիքը դուք ունեք: Ես եղել եմ այնտեղ, որտեղ դուք հիմա եք, բայց կարողացել եմ դուրս գալ այդտեղից և կսովորեցնեմ ձեզ, թե ինչպես անել դա: Դուք հեշտությամբ կարող եք ազատվել ցանկացած սովորությունից և ձեռք բերել նոր սովորություններ: Այն, ինչը դրա համար անհրաժեշտ է, արդեն կա ձեր ներսում: Հետաքրքրե՞ց: Շարունակեք կարդալ: *** Հարգելի ընթերցող, սա հատված է իմ հաջորդ գրքից, որը լույս կտեսնի շուտով: Գիրքը մի բանի մասին է, ինչը կարող է ամբողջությամբ փոխել Ձեր կյանքի հունը. սովորությունները ղեկավարելու: Գրքի հրատարակման մասին տեղեկացված լինելու համար կարող եք բաժանորդագրվել` սեղմելով ներքևում գտնվող կոճակը:

Դիտումներ: 691 | Ավելացրեց: Hajoxak | - Վարկանիշ -: 0.0/0
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0
avatar
ՄԵՐ ԳՈՐԾԸՆԿԵՐՆԵՐԸ
Հասցե
Հայաստան Արմավիր
1101
Ք. Էջմիածին



+374 98 86-28-68 alik@saribekyan.am
Վայրը
sample map