04:12 Ինչպես հասնել հաջողության կամ Aiki-փիլիսոփայություն |
Այն, թե ինչպես ենք մենք լուծում մեր առջև դրված խնդիրները, բնորոշում է ոչ միայն մեզ, այլև այն ազդեցությունները, որոնց մենք տրվում ենք: Այդ ազդեցությունները ձևավորում են մի միջավայր, որը դժվար կառավարելի է նրանց համար, ովքեր հակված են հետևելու, այլ ոչ առաջնորդելու` լինի դա անձնական, խմբային թե ավելի լայն մակարդակներում: Այսպես, օրինակ, ժամանակակից աշխարհում մոդայի, ծխելու գրավչության, թանկագին իրերի և այլնի կլանիչ ազդեցությունը հաճախ սպառում են մարդու մեջ այն, ինչ սերում է նրա բնատուր պարզությունից և ապահովում մարդ էակի բնական համակեցությունը անմիատարր միջավայրում: Ըստ արժանվույն գոյատևելու և սեփական անձի բացահայտված ու չբացահայտված ունակություններով հաջողության հասնելու նպատակով անհրաժեշտ է մտապահել մի քանի ուղենշային սկզբունքներ: §1. Ազդեցությունների մի′ տրվիր Արևելյան մշակույթներում շրջանառվում է ‘wu wei’ հասկացությունը: Այն ներկայացնում է իրադարձությունների կատարյալ ընթացք, և հանդես է գալիս որպես սահուն առաջնորդության բանալիներից մեկը, առաջնորդություն, որի դեպքում անձը պայքարի մեջ չի մտնում շրջապատի հետ: Այս հասկացության էությունը իրենց մեջ կրողները գիտեն, որ ամեն նախաձեռնության մեջ առկա են մակընթացության, ինչպես նաև տեղատվության շրջաններ: Իրական հաջողության գրավականն այս պարագայում կայանում է սեփական գործողությունների ընթացքը այդ ռիթմին համահունչ դարձնելու մեջ: Wu wei սկզբունքի համաձայն` գոյություն ունի ամեն քայլ կատարելու հարմար պահը, որը որսալով կարելի է առանց ջանքերի հասնել նպատակին: Ուշանալը կամ ժամանակից շուտ գործելը բարդացնում է գործը և խոչընդոտում դրա հաջող ընթացքը: Սրա մասին են գրում Բաումը և Հասսինգերը «Ռանդորիի սկզբունքներ» կոչվող իրենց գրքում: §2.Որսա′ պահը «Ինչպե՞ս հասնել հաջողության» հարցը ավելի քան հիսուն տոկոսով կապված է «ինչպե՞ս լինել առաջնորդ» հարցի հետ: Առաջնորդ լինելը, ներկայումս լայն մեկնաբանություններ է ստանում: Այն չի սահմանափակվում որևէ մոդելով կամ բաղկացուցիչներով: Առաջնորդը պարտադիր չէ, որ համարվի մեկն, ում հետևում են: Առաջնորդ է նա, ով կառավարում է իր գիտելիքն ու հմտությունները` ծառայեցնելով դրանք իր առջև դրված նպատակներին` միաժամանակ չտրվելով ազդեցությունների և որսալով գործողությունների համար համապատասխան պահը: §3.Մի′ սպանիր քեզանում ապրող առաջնորդին Մեզ փոքրուց դաստիարակել են սահմանափակող ուղենիշներով. «Չի կարելի անել այս», «չի կարելի անել այն»: Արդի կրթական համակարգերի մեծ մասը ձևավորել են հաստատություններ, որտեղ նախևառաջ անտեսվում և վերացվում են անհատի ներակա ունակությունները և ապա ամայացած հիմքի վրա կառուցվում ձևական տրամաբանությամբ շաղկապված առարկաների, գիտելիքի և հմտությունների, ինչպես նաև դրանց նկատմամբ անձի ժամանակավոր հակվածության վրա հիմնված «նախասիրությունների» սխոլաստիկական մեխանիզմը: Վերջինս իր ձևական և չակերտավոր բնույթի պատճառով հաճախ հանգեցնում է ձևական և չակերտավոր ընտրությունների` ինչպես մասնագիտական, այնպես էլ անձնական ոլորտներում: §4.Գտի′ր երրորդ կետը Հաճախ բախվում ենք կոնֆլիկտային իրավիճակների, որոնցում մեղավորությունը կարող լինել մերը կամ դիմացինինը, սակայն ամեն դեպքում անհրաժեշտ է տիրապետել մի սկզբունքի, որը կօգնի մեղմել վերահաս բարդությունները: §5.«Ադամանդի պես կուռ, ուռենու պես ճկուն» Եղեք սկզբունքային. թող բոլորը տեսնեն, որ Ձեր որոշումներն անկասելի են և որ ունեք որոշակի արժեհամակարգ, որը չի փոփոխվումˋ ըստ պահանջի կամ հանգամանքի: §6.Կշռադատված համարձակություն Այն պահերին, երբ Ձեր ներքին հավատքը (վստահությունը սեփական ուժերի ու գործի հաջողության հանդեպ) և իրական հանգամանքներն ու գործոնները (օրˋ. մասնագիտական հմտությունների առկայություն, հնարավոր աջակցություն ընկերների կողմից) հավասարակշռվում են 50/50 հարաբերակցությամբ, ապա արժե դիմել ռիսկի: Հիշե°ք հայտնի ասացվածքը. "Кто не рискует, тот не пьет шампанское”: Սա հատկապես անհրաժեշտ է այն դեպքերում, երբ առիթն ուշանում է: Ինքնե′րդ առիթ ստեղծեք առաջընթացի համար: Ճեղքե′ք սպասումի միապաղաղ պաստառը: Աշխատանքային հայտարարությունների պատին գրեք Ձեր անունը կամ պարզապես` «ԵՍ»: §7.Հավատք Ասում են նաև, որ լավ սկիզբը գործի կեսն է. հավելենք` լավ սկզբի կեսը հավատն է առ այն, որ գործը պիտի հաջողվի: Ուստի, վերոհիշյալ 50% սատարող հանգամանքներից ու բարենպաստ գործոններից բացի` մյուս 50% անորոշությունը` կապված նախաձեռնության հետագա ընթացքի հետ, ԱՆՀՐԱԺԵՇՏ Է լցնել հավատով: Լինի դա զուտ գործին կամ սեփական ուժերին հավատալն ու վստահելը («հավատ»), թե ի վերուստ Ձեզ ուղեկցող աստվածային հովանու աջակցությանն ապավինելը («հավատք»), այս ներքին համոզմունքը, որ յուրաքանչյուր գործողությանը վճռականություն է հաղորդում, պարզապես ԿԵՆՍԱԿԱՆ Է: Եթե Ձեզ հոգեհարազատ են վերոհիշյալ սկզբունքները, ապա փորձեք համատեղել դրանք: Եթե ոչ, ապա ընտրեք մեկը կամ մի քանիսը: Պարզապես դրանք հիշելը կարող է որակապես փոխել Ձեր առաջընթացը: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |