23:01 Ինչպես դառնալ միլիոնատեր. Պիտեր Սպենի կյանքի օրինակը մաս 5 |
_Հիանալի է,_ասաց նա,_երբ քեզ հնարավորություն է տրվում, ապա այն չպետք է ձեռքիցդ բաց թողնես: Յուրաքանչյուր մեծ հնարավորությունն իր հետ բերում է նաև մեծ խնդիրներ, լուծիր, գնա, փորձիր: Դա քեզ համար մեծ փորձություն է, որը տրվում է նրա համար, որպեսզի դու հասկանաս, իրականում տրվում ես նպատակներիդ, թե ուղղակի անում ես այնպես, ինչպես բոլորը: Շատ մարդիկ չեն էլ կարողանում օգտվել իրենց տրված հնարավորություններից միայն այն պատճառով, որ առաջինը տեսնում են միայն խնդիրը և խուսափում են լուծումներ տալուց: Փոխանակ նրանք մտածեն լավ կողմերի մասին, կենտրոնանում են վատերի վրա և բնական է վերջում էլ ասում են, թե մարդ եթե բախտ չունեցավ կորած է: Վերջ, դու ճիշտ ճանապարհին ես, շնորհավորում եմ: Կենտրոնացիր հնարավորություններիդ վրա և հաստատ խնդիրների լուծումը կգտնես: Այսքանը լսելուց հետո ես կրկին ուզում էի հարց տալ, բայց նա ասաց, որ հիմա պատրաստվում է նավով ծով դուրս գալ հանգստանալու և այլևս խոսելու ժամանակ չունի: Ես ընդունեցի ընկերության առաջարկը և երկուշաբթի օրվանից արդեն պետք է գնայի աշխատելու: Բայց… կրկին մի մեծ խնդիր. Սուպերմարկետում ինձ պետք է աշխատանքից ազատեին մեկ ամիս ուշ, ուստի պետք էր մեկ ամիս աշխատել այնտեղ: Երբ սուպերմարկետի տնօրենին ասեցի իմ հեռանալու մասին լուրը, նա պատասխանեց, որ հաստատ մեկ ամսից շուտ ինձ բաց չի թողնի: Իսկ նոր աշխատատեղիս տնօրենն ասել էր, որ պետք է աշխատանքի ներկայանամ երկուշաբթի օրը: Նորից ես կանգնած եմ ընտրության առջև: Այո, իրականում բոլորս ենք այսպիսի իրավիճակի մեջ հայտնվում, երբ պիտի ընտրություն կատարենք: Այս բառն իմ ամենասիրած բառերից է իրականում, քանի որ դրան հանդիպում եմ կյանքի ամեն քայլին, ինչպես նաև Դուք՝ բոլորդ, մենք ամբողջ կյանքում ընտրում ենք, ամեն ոլորտում փորձում ենք ընտրել, բայց շատ հաճախ որոշները մի քանի անգամ սխալվելուց հետո խուսափում են և… ինչևէ մի վախեցեք ընտրությունից, կյանքը նման է խաղի՝ մի օր ճիշտ, մի օր սխալ, որոնք անընդհատ ուղեկցելու է մեզ: Վերադառնանք մեր հերոսին: Երեկոյան հուսալքված գնացի տուն, բայց ճանապարհին տեսա մի փոքրիկ երեխայի, ով լացելով ստիպում էր ծնողին, որ մտնի խանութ և խաղալիք գնի: Մի քանի րոպե հետո երեխան խաղալիքը ձեռքին քայլում էր մոր հետ: Ու անմիջապես սկսեցի մտածել, ախր այս փոքրիկ էակն ինչպե՞ս կարողացավ հասնել իր ուզածին: Իհարկե համառությամբ, այնքան լացեց, քանի որ այլընտրանք չուներ, մինչև հասավ նպատակին: Չէ, ես չեմ լացի, բայց կաշխատեմ երկու տեղում էլ, միևնույնն է՝ տանջանքս տևելու է մեկ ամիս: Հաջորդ առավոտյան սուպերմարկետի տնօրենն ասաց, որ ես լավ աշխատող եմ, ուստի նա զիջումների կգնա, և այդ մեկ ամիսը կաշխատեմ գիշերը՝ որպես պահեստում ապրանքներ դասավորող և այդպես կարող եմ հարմարեցնել մյուս աշխատանքի հետ: Մտքերս խառնվեցին իրար, երբ ինձ պատկերացրեցի, որ աշխատելու եմ ամբողջ օրը՝ գիշեր-ցերեկ: Երբ այս մասին հայտնեցի հարուստ բարեկամիս, նա պատասխանեց. _20-ժամյա աշխատանքը հիանալի փորձ է, դե ինչ, կյանքը կամաց-կամաց քեզ քաշում է դեպի հաջողության ճիրաններ, մտիր, կտեսնես, թե ինչպիսի հիանալի արդյունք է լինելու: Այս բառերն ինձ ուժ տվեցին, քանի որ իրոք այդ մասին մտածելուց ինձ կորցնում էի, երբ պատկերացնում էի, որ կյանքս գնում է, իսկ ես պիտի 20 ժամ օրվա մեջ միայն աշխատեմ: Սկսեցի: Մահու չափ հոգնում էի, ժամերն էի հաշվում, թե երբ պիտի վերջանա այդ մի ամիսը, որ կարողանամ հանգիստ տրամադրվել նոր աշխատանքիս: Գիտեք, թե ոնց էի աշխատում, անընդհատ մտածում էի մի բան՝ սա էլ անելով մի քայլ առաջ եմ գնում, ուրեմն ոչ մի բողոք, միայն առաջ: Պառկելս ու քնելս չէի էլ զգում, իսկ առավոտյան արթնանալիս միայն մի բան էի երազում՝ գոնե մեկ րոպե ավելին լիներ օրը: Դժվար էր, բայց անհնար չէր, ուստի եթե ուզենամ, կարող եմ ու կարողացա: Ինչքան մեծ բավականություն եմ ստանում հիմա, երբ գրում եմ այս տողերը, քանի որ հենց այդ օրերն էին սկսել փոխել ամբողջ կյանքս: Հիմա կներկայացնեմ, թե ոնց: Մեկ ամիս անվճար աշխատելուց հետո ինձ թուղթ տվեցին, որտեղ կարդացի աշխատավարձիս չափն ու չտխրեցի: Շատ ցածր էր, բայց մի բանում շատ ուրախ էի, քանի որ սովորում էի: Ուրախությանս պատճառն այն էր, որ այստեղ ես ունեի երկու գործընկերներ, որոնցից սկսել էի շատ բան սովորել: Մեկը մեր քաղաքի լավագույն թրեյներն էր, իսկ մյուսը` լավագույն գովազդային տեքստեր կազմողը: Ես ագահորեն վերցնում էի ամեն մի բառ, ինչ նրանք ասում էին, ինչի մասին խոսում էին, ես չէի ուզում ընդհատեմ, այլ ուզում էի միայն լսեմ: Սա այն աշխատանքն էր, որ ես չէի անում հանուն փողի, այլ անում էի սովորելու համար: Գիտակցում էի, որ հենց վարպետների մեջ աշխատելն է տալիս աճելու շատ լուրջ հնարավորություն: Կյանքը տվել է Պիտեր, վերցրու, քո ժամն է,_անընդհատ մտածում էի ես ու անցնում առաջ, դանդաղ, բայց հաստատուն քայլերով: Ի դեպ մի խորհուրդ ինձնից, եթե ուզում եք աշխատել հանճարների հետ, ապա ինչ-որ բան պետք է զոհաբերեք, իմ դեպքում օրինակ ես ահավոր քիչ աշխատավարձ էի ստանում, անում համարյա ամեն ինչ, սակայն միևնույն ժամանակ կուտակում էի աշխարհի ամենաուժեղ միջոցը՝ գիտելիքներ այս ոլորտի՝ բիզնես աշխարհի մասին, որն ինձ հետագայում քաշելու էր այս հիանալի խաղի մեջ, որտեղ ուժեղը որոշվում է տարեկան վերջնական արդյունքներով: Հավատացեք, չկա ավելի հաճելի բան, քան նայել գրատախտակին և տեսնել թվերի ու բաժնեմասի աճը: Այս մարդկանց հետ աշխատելու ժամանակ ես հասկացա, որ վաճառել կարողանալն ամենահիանալի ունակություններից մեկն է աշխարհում: Հարցը ոչ թե աշխատավարձի մեջ էր, այլ հենց պրոցեսի, երբ Դու ամբողջությամբ մտնում ես այդ իրավիճակի մեջ ու ձգտում ես անպայման վաճառել՝ հասնել հաջողության: Ինձ անընդհատ տալիս էին նորանոր հանձնարարություններ և ամեն անգամ ես ավելի լավ էի կատարում առաջադրանքս: Երբ մի անգամ ղեկավարս կանչեց և ասաց, որ կարո՞ղ ես անել այն, ինչ անում են քո գործընկերները՝ պատրաստել և ներկայացնել թրեյնինգներ վաճառքի վերաբերյալ: Առաջին բառերը, որ մտքիս եկան հետևյալն էին՝ ՎԵՐՋԱՊԵԵԵԵԵԵԵԵԵԵՍ, ԵԿԱՎ ԱՅՍ ՊԱՀԸ: Ինձնից քիչ բան էր մնում, հաջողությունը կարծես թե թակում էր դուռս, մնում է բացել: |
|
Մեկնաբանություններն ընդամենը՝: 0 | |