Հաղթանակներ, ձեռքսեղմումներ, պայմանագրեր, գործնական ընթրիքներ, հազարավոր հեռախոսազանգեր...մի խոսքով`քեզ գրավում է այս հեռանկարը: Դե՛, ուրեմն արի այս «նրբահամ աղցանին» ավելացնենք նաև որոշ կարևոր համեմունքներ...
Անդրադարձը Գայանե Ասրյանի
Խորհուրդները Հրաչյա Մանուկյանի (Success.am)
Նոր ժամանակների գործարարությանն առանձնակի հմայք են հաղորդում cosmo հոգեբանությամբ, հաջողակ ու նպատակասլաց կանայք: Եթե դու ուզում ես լինել նրանց գործընկերը կամ հետևորդը, պետք է հետևես բիզնեսում հաջողելու մի քանի կանոնների: Տրտնջալ և ձանձրանալ չկա, անցնենք գործի, չէ ո՞ր գուցե այս կանոնները մի լավ «սերտելուց» հետո որոշես անցնել վճռական քայլերի...
Կենտրոնացի՛ր, քեզ բիզնես գաղափար է պետք
Հիմա դանդաղ, շատ դանդաղ, կարևոր է...Բիզնեսում հաջողելու համար նախ պետք է ունենաս «կրեատիվ և նորարար» բիզնես գաղափար: Հիմնականում լավ են այն գաղափարները, որոնց շնորհիվ մարդկանց համար ինչ-որ խնդիր ես լուծում: Օրինակ՝ «Procter and Gamble» ընկերությունը լուծում է մարդկանց գեղեցիկ և խնամված լինելու խնդիրը, հենց այդ պատճառով էլ այն հաջողված է: Միայն լավ բիզնես գաղափարը բավական չէ: Որպեսզի դու հաջողես, պետք է առաջարկես ապրանքը կամ ծառայությունը ավելի որակով և մատչելի:
Հիշի՛ր, բիզնեսը հաջողակ մարդկանց թիմ է
Բիզնեսը թիմային աշխատանք է: Եվ երբ թիմի բոլոր անդամները նվիրված են իրենց ընդհանուր գործին, դա հաջողված բիզնես ունենալու կարևոր նախապայմաններից մեկն է:
Բիզնեսի համար կարևոր է մարդկանց հետ շփումը: Վերջիվերջո մարդիկ են հանդիսանում ցանկացած բիզնեսի սպառողները: Պետք է այնպես անել, որ յուրաքանչյուր սպառող զգա իր հանդեպ ձեր ուշադրությունն ու հոգատարությունը: Օրինակ, երբ գեղեցկության սրահում քեզ հարգանքով և սիրալիր են վերաբերվում, դու հաջորդ անգամ նույնպես կգնաս այդ գեղեցկության սրահ, իսկ եթե զգում ես, որ դու հերթական հաճախորդն ես, որից միայն փող են ակնկալում, մինչև գնալդ դու երկար կմտածես այդ ուղղությամբ:
Բիզնեսը փոփոխվում է...
Հաջողված բիզնեսը պետք է պատրաստ լինի փոփոխությունների: Մարդկանց ճաշակները շատ արագ են զարգանում. աշխարհը շատ արագ է փոխվում և, եթե բիզնեսը նույնպես չհարմարվի այդ փոփոխություններին, ապա մարդիկ ուղղակի կհրաժարվեն հնից: Բիզնեսը պետք է անընդհատ նորություններ մտցնի և փոփոխվի ժամանակին համընթաց: Օրինակ` Kodak ընկերությունը հաջողված էր, քանի ֆոտոխցիկները ժապավենով էին, սակայն նա չկարողացավ գնահատել թվային ֆոտոխցիկների անցնելու կարևորությունը, չկարողացավ փոփոխվել և անցնել նորին, այդ պատճառով էլ լուծարվեց:
Հիմա քո դերի մասին՝ բիզնեսը պետք է ունենա հաջողված ղեկավար
Որքան էլ կարևոր լինի թիմային աշխատանքը և որքան էլ մեծ լինի թիմի յուրաքանչյուր անդամի դերը, կարևոր որոշումները կայացնում է ղեկավարը, իսկ այդ որոշումներից շատ բան է կախված:
Բիզնեսը սիրում է գլոբալիզմ
Հաջողված լինելու համար բիզնեսը պետք է ձգտի լինել գլոբալ: Օրինակ` Cosmopolitan ամսագիրը հաջողությամբ կարող էր վաճառվել միայն ԱՄՆ-ում, սակայն, երբ այն սկսվեց վաճառվել նաև ողջ աշխարհում, դարձավ իրոք ավելի հաջողված: Կամ Coca-Cola-ն` դարձավ իրոք հաջողված, երբ նրա զովացուցիչ ըմպելիքները սկսեցին վաճառվել աշխարհի բոլոր ծայրերում:
Բիզնեսի հաջողությունը սկսվում է բրենդից
Որպեսզի բիզնեսդ դառնա հաջողված, ստեղծիր հաջողված բրենդ: Այսօր եթե Mcdonald's-ը արտադրի Mcdonald's ջինսեր, ապա դրանք կվաճառվեն նույն հաջողությամբ, որքան և Mcdonald's համբուրգերները, քանի որ Mcdonald's-ը արդեն ճանաչված և ընդունված բրենդ է:
Գովազդի՛ր քո բրենդը
Որքան էլ լավը լինեն քո ապրանքներն ու ծառայությունները, մարդիկ կարող են ուղղակի չիմանալ դրանց մասին: Գովազդը անընդհատ հիշեցնում է մարդկանց ձեր մասին, մտնում է նրանց ենթագիտակցության մեջ:
Բիզնեսում հաջողության հասնելու համար հավատա, որ հասնելու ես հաջողության: Փոխանցի՛ր այդ հավատը թիմին, ոգևորի՛ր նրանց ու ստեղծի՛ր դրական մթնոլորտ: