Գնումներ, ծախսեր, միջոցների անսպասելի վատնում և ահա դատարկ դրամապանակ...սպասի´ր, խուճապի մի´ մատնվիր, քեզ գլխացավի դեղերը չեն օգնի: Արի´ խնդրին մոտենանք տրամաբանորեն. գուցե ստացվի, այնուամենայնիվ, մի քիչ գումար «ետ գցել»...

Անդրադարձը Գայանե Ասրյանի

Խորհուրդները Հրաչյա Մանուկյանի (Success.am)

Ամեն ամիս նույն պատմությունն է, դու արդեն հոգնել ես մտերիմների՝ խնայողություններ անելու մասին հորդորներից և դրանք քեզ հիշեցնում են անօգուտ դիետաներին: Մենք քեզ հետ գուցե այս հարցում համաձայնեինք, եթե չյիներ հաջողակ մարդկանց փորձն ու խնայողությունների մասին բազմաթիվ տեսությունները:
«Ես երեք տարի խնայելուց հետո, գնեցի մեքենա՝ առանց վարկ վերցնելու: Սկզբում դժվար էր հատկապես, որ ընկերուհի ունեի, և բավակակին ծախսեր կային: Սկսեցի ամենառաջին քայլից՝ գումար ծախսելուց առաջ մտածում էի երկար, հավատա օգնեց: Կամաց-կամաց սկսեցի հավատալ, որ կարողանալու եմ նպատակիս հասնեմ: Հիմա էլ արդեն մտածում եմ բնակարանի մասին»:

Կարեն, 29 տ.

Իսկ հիմա այն մասին, թե ինչպես սկսել խնայել

Հաջողակ մարդիկ սովորաբար ունեն մեկ ընդհանրություն՝ դա խնայել կարողանալու սովորույթն է: Դա չի նշականում, որ դու պետք է օգտվես դիմահարդարման էժանագին միջոցներից կամ գնումներ անես միայն զեղչերի ժամանակ: Խնայել ուղղակի նշանակում է, որ ամեն ամիս քո եկամուտների մի մասը պետք է մի կողմ դնել և դա դարձնել սովորույթ: Պետք է կարողանալ եկամուտներիդ, ասենք, օրինակ` 30 տոկոսը «մի կողմ դնել», և ծախսերը պլանավորել մնացած գումարի հաշվին: Հետագայում առանց դժվարության դու կարող ես դա անել. դժվարը սկիզբն է: Դու պետք է նախ` նպատակ սահմանես, թե ինչու ես ուզում խնայել, ի դեպ, քո նպատակը պետք է հստակ լինի: Եթե ասում ենք խնայել, դա ամենևին չի նշանակում չծախսել, ուղղակի գումար ծախսելուց առաջ պետք է մտածել, արժե՞ արդյոք այս պահին այն ծախսել:

«Ինձ համար արդեն փորձված մեթոդ է, երբ իսկապես ուզում եմ ինչ-որ բան գնել, երկու անգամ եմ խանութ գնում, մի անգամ, որ տեսնեմ, փորձեմ կամ շոշափեմ, իսկ երկրորդ անգամ արդեն գնում եմ գնելու, եթե ցանկություն չի լինում երկրորդ անգամ գնալ խանութ, հասկանում եմ, որ ինձ այդ ապրանքը պետք չէ»:

Աստղիկ, 25 տ.

Կրճատե՛ք ավելորդ ծախսերը

Հիմա կասեք` ավելորդ ծախսեր չկան, իսկ ավելորդ չէ՞ օրինակ` յուրաքանչուր եղանակի համար 7 կոշիկ ունենալը և ամեն երեկո ընկերների հետ խմելը, չէ՞ որ կարելի է հաճույքներից օգտվել չափավոր, որպեսզի դրանք նաև սպասված ու հետաքրքիր լինեն: Այնպես որ խելացի եղի՛ր և ճիշտ կառավարի՛ր քո ֆինանսական միջոցները, գուցե չափավոր խնայողություններդ հետագայում փոխեն քո կյանքի հունը:

Ավելորդ չի լինի, եթե գնումներից առաջ գրանցես ապրանքների ցանկը, հետո սկսես վերլուծել և կտեսնես, որ քեզ կազատես ավելորդ և ոչ պետքական գնումներից:

«Ահա սառնարանի վրա իմ ուտելիքի ցուցակն է, իսկ զգեստապահարանիս վրա առաջիկայում անհրաժեշտ իրերը, որոնք պետք է ձեռք բերեմ: Ամեն օր դրանք աչքիս առաջ են և ես փոփոխում, հաճախ կրճատում եմ դրանք»:

Նելի, 24 տ.

Ներդրում հետագայում վայելելու համար

Եթե սկզբում քո խնայողություններն իսկապես մտահոգում են քեզ, որ մի կյանք ես ապրում և պետք է վայելես, ապա հենց այդ պահին արգելակիր քո մտքերը: Մտածի՛ր, որ այսօր խնայում ես, ապագայում վայելելու համար: Խնայողություններն ինքնավստահություն են ներշնչում, դու ավելի ամուր հիմքերի վրա ես քեզ զգում: Դրանք ստիպում են քեզ դուրս գալ «հարմարավետության գոտու» շրջանակներից ու ավելի լայն մտածել, նոր գաղափարներ ունենալ, պլանավորել ու երազել:

Իսկ որտեղ պահել խնայողությունները

Եթե սկսել եք խնայել տանը՝ անկողնու կամ պահարանի խուլ անկյուններում թաքցնելով գումարը, ուրեմն արդեն սխալվել եք: Գումար տանը պահելը ոչ պրոֆեսիոնալ խնայում է: Իսկ ահա բանկում կախված տոկոսադրույքից այն ավելի վստահելի է, շահավետ և ամենակարևորը արժեզրկվելու ռիսկից հեռու: